Մենք բոլորս մշտապես թերագնահատում ենք մշակույթի ու կենդանի հաղորդակցության ներուժը: Մենք ապավինում ենք արդարությանը, ճշմարտությանը, տրամաբանությանը: ՈՒ՝ ամեն անգամ կյանքն ապացուցում է, որ քիչ է, տրամաբանությունը՝ տրամաբանություն, արդարությունը՝ արդարություն, ճշմարտությունը՝ ճշմարտություն, բայց բոլոր ռացիոնալ հասկացությունները սկսում են գործել, երբ իռացիոնալն է ասպարեզ գալիս: Իռացիոնալի շնորհիվ լուծումները գտնվում ու արագանում են: Ցեղասպանության մասին հազարավոր էջեր են գրվել, հազարավոր ելույթներ են հնչել, բայց բավական էր Անրի Վեռնոյը նկարեր «Մայրիկը», որ գրքերը կենդանանային: Գեղարվեստի ուժը գիտության նկատմամբ միշտ էլ գերակա է եղել մարդկանց գիտակցության մեջ: Բանականությամբ կարող ես հասկանալ, բայց սրտով ոչ միայն հասկանում ես, այլև՝ ապրումակցում: Իսկ դա միշտ ավելին է՝ որոշումներ ընդունելիս: Սա՝ ընդհանրապես:
Մասնավորապես՝ Հայաստան եկան Քարդաշյան քույրերը, Քիմ Քարդաշյանը, ինչպես հայ ընտանիքին է վայել, ամուսնու ու դստեր հետ: Տարեկան հարյուրավոր հայեր են Հայաստան գալիս իրենց արմատներին ծանոթանալու համար, համաշխարհային իրադարձություն չի դառնում: Բավական էր՝ մեդիադեմք գար և Հայաստանը արդեն երրորդ օրն է՝ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է՝ առանցքային դարձնելով ցեղասպանության թեման: Երեք օրում ստացանք արդյունք, որին դիվանագիտությունը տարիներով պիտի հասներ: Բայց կհեռանա Քիմ Քարդաշյանը Հայաստանից ու մենք կմոռանանք, որ հասարակական հետաքրքրությունը հնարավոր է ու պետք է օգտագործել:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի 1915-ին լրանալու մասին թվում է՝ մենք հենց նոր իմացանք: Եթե ոչ, ինչո՞ւ դեռ երեք-չորս տարի առաջ հայ կինեմատոգրաֆիստները պետական պատվերով, նաև համագործակցելով այլազգի ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների հետ չնկարահանեցին մի քանի գեղարվեստական բարձրարժեք ֆիլմ այդ թեմայով: Ինչո՞ւ այդ ֆիլմերը չնկարահանվեցին ու չներկայացվեցին Կաննի, Վենետիկի, Մոսկվայի կինոփառատոներին, ինչո՞ւ չնկարահանվեց ֆիլմ, որ ներկայացվեր Օսկարի: Միլիոննե՞ր էր պետք: Պետք էր: Միլիոններ, որ միլիարդներ էին բերելու: Մշակույթի նախարարությունն ի զորու չէ՞ այդ մասշտաբի խնդիրներ լուծել: Բայց պետությունն ի զորո՞ւ է: Նախագահով, վարչապետով, մշակույթի գործիչներով, սփյուռքահայերով: Պարզվեց՝ ոչ:
Քանի՞ ներկայացում կա այսօր Երևանի բոլոր թատրոններում միասին վերցրած ցեղասպանության թեմայով: Նոր ներկայացում: Ես չգիտեմ: Բայց եթե լիներ, հնարավոր չէր չիմանալ: Սա հարց է, որ միայն թատրոնների ռեժիսորները չպիտի լուծեին: Պետական քաղաքականություն էր պետք: Քաղաքականությունը չի կարող սկսվել ու ավարտվել գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների հաշվարկով: Այդ հաշվարկը դառնում է ինքնանպատակ, եթե չի ուղղվում դեպի մարդը, դեպի մարդիկ, որ տարբեր գիտաժողովներին, համաժողովներին, գագաթնաժողովներին, հայտարարություններին, բանաձևերին, հռչակագրերին կվերաբերվեն հարգանքով ու հետաքրքրությամբ ու… կմոռանան: Որովհետև սրտին ուղղված խոսք չկա: Որովհետև շոշափելի չէ: Որովհետև իրենց անմիջապես չի վերաբերում: Եկավ Քիմ Քարդաշյանը ու երևանցիները պաշարեցին հյուրանոցը, նրա բոլոր երթուղիները՝ ինչ ասաց, ուր գնաց, ինչ արեց, որովհետև կենդանի հաղորդակցության կարիք ունեին, որովհետև նա շատ ավելի պարզ ու բնական ասաց՝ ցեղասպանություն է եղել, որ ես հայտնվել եմ Հայաստանից դուրս ու ցեղասպանությունն է պատճառը, որ ես հայ եմ ու հայերեն նոր եմ ուզում սովորել: Վերջ: Սա շատ ավելի հասկանալի է բոլորին, քան Օսմանյան կայսրության տարածքում մեկուկես միլիոն տեղաբնակ հայերի բնաջնջումը, այդքանի ու ավելիի տեղահանությունն ու աքսորը, սփռվելը աշխարհով մեկ: Սա ապրող մարդու տոհմի պատմություն է, որ հասկանալի է բոլոր ապրողներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կգա՞ Պուտինը Հայաստան, չի՞ գա: Օբաման կասի՞ «գենոցիդ», չի՞ ասի: Քիմ Քարդաշյանն արեց ավելին, քան կանեին նրանք: Եվ հրաշալի է, որ աշխարհում կա Շառլ Ազնավուր, հրաշալի է, որ աշխարհում եղել են Անրի Վեռնոյ ու Արշիլ Գորկի ու էլի մի տասնյակ հայեր, որ մշակույթի ու քաղաքակրթության պատմության մեջ իրենց անունը գրել են իբրև հայի անուն: Ցեղասպանությունը հնարավոր է ժխտել, բայց նրանց գոյությունը՝ ոչ: Նրանց պատմությունը՝ ոչ: Հայության գոյությունը՝ ոչ: ՈՒ հենց դա է ժխտողականության իրական ժխտումը: